Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Եթե մանկիկը հիվանդացել է

Եթե մանկիկը հիվանդացել է

Երբ երեխան հիվանդանում է, հաճախ չգիտենք ինչպես վարվել, ինչ միջոցներով օգնել նրան այդ վիճակից դուրս գալու համար: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանի հետ:

 

–   Ե՞րբ և ինչպիսի՞ ախտանիշների դեպքում է պետք դիմել մանկաբույժի օգնությանը:

 

–  Եթե երկու ամսականից փոքր երեխան հիվանդ է, պետք է անմիջապես դիմել բժշկի, իսկ դրանից բարձր տարիքի դեպքում` առաջին հերթին անհրաժեշտ է գնահատել երեխայի ընդհանուր վիճակը: Հաճախ հանդիպող թեթև հիվանդությունները մեծ մասամբ անցնում են առանց դեղորայքի օգտագործման, սակայն կան ախտանիշներ, որոնց առկայության դեպքում պետք է դիմել բժշկի, քանի որ դրանք կարող են վտանգել երեխայի առողջությունը:

 

Այդ նշաններն են.

 

  • ջերմության բարձրացումը 38,50C և ավելի,
  • արտահայտված թուլությունը կամ խիստ անհանգստությունը,
  • անսովոր քնկոտությունը (երբ երեխային հնարավոր չէ արթնացնել),
  • յուրաքանչյուր կերակրումից հետո նկատվող անզուսպ փսխումները,
  • հաճախացած կամ դժվարացած, խռպոտ և սուլող շնչառությունը,
  • կղանքում արյան առկայությունը,
  • սնվելու կամ խմելու երեխայի անկարողությունը,
  • ցնցումները:

 

–   Բարձր ջերմության դեպքում ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկել ծնողները մինչև բժշկի այցը:

 

–   Պետք է ուշադրությամբ հետևել ջերմության տատանումներին: Եթե ջերմաստիճանը պահպանվում է 380C և բարձր, կարելի է տալ ջերմիջեցնող դեղորայք, իսկ եթե երեխան լավ է տանում մինչև 380C ջերմությունը և ցնցումներ չկան, խորհուրդ չի տրվում այն իջեցնել առաջին 3-4 օրվա ընթացքում: Հայտնի է, որ վիրուսային վարակների դեպքում այդ ջերմաստիճանի պայմաններում են առաջանում հակավիրուսային պաշտպանիչ գործոնները, որոնք օգնում են օրգանիզմին հաղթահարելու հիվանդությունը: 

 

Երեխան պետք է գտնվի սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Թեթևացրեք նրա հագուստը, ծածկոցները, մարմինը շփեք գոլ ջրով կամ նոսրացված գոլ սպիրտով:

 

Երեխային սովորականից շատ հեղուկներ` ջուր, թեյ, հյութեր, չոր մրգերից պատրաստված կոմպոտներ տվեք, որը կնպաստի նրա օրգանիզմում կուտակված վնասակար նյութերի հեռացմանը: Կրծքով սնվող երեխաներին ավելի հաճախ մոտեցրեք կրծքին: Կաթնախառնուրդներով կերակրելու դեպքում դրանք պետք է լինեն նոսրացված:

 

Երեխային մի տվեք որևէ դեղամիջոց, հատկապես հակաբիոտիկ, առանց բժշկի նշանակման: Հակաբիոտիկներն օգտագործվում են միայն ծանր հիվանդությունների ժամանակ` թոքաբորբ, թարախային անգինա և այլն:

 

–   Ի՞նչ միջոցներ կարող է ծնողը ձեռնարկել լուծի դեպքում, և ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի:

 

–   Լուծն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի շնորհիվ օրգանիզմից դուրս են մղվում վնասակար նյութերը, ուստի խորհուրդ չի տրվում այն արհեստականորեն կանխել դեղորայքի կամ սննդի միջոցով, այլապես կխորանա օրգանիզմի թունավորումը` բերելով ջերմության բարձրացման:

 

Լուծը սկսվելուն պես անհրաժեշտ է դիմել բժշկի և ճիշտ կազմակերպել երեխայի խնամքն ու բուժումը` պահպանելով հետևյալ կանոնները.

 

  • Երեխային տալ մեծ քանակությամբ հեղուկներ` հանքային ջուր, խոտաբույսերից պատրաստված թեյ, ջրիկ սպաս, թան, խմեցնել ռեհիդրոնի լուծույթ, որը չի դադարեցնում լուծը, այլ միայն պաշտպանում է օրգանիզմը ջրազրկումից:
  • Շարունակել երեխային կերակրել: Լուծի դեպքում կրծքի կաթը լավագույն սնունդն է: Այն սննդարար է և հարուստ վիտամիններով ու միկրոտարրերով, և օգնում է պայքարել հիվանդությունների ու վարակների դեմ: Խորհուրդ է տրվում տալ կաթնաթթվային խառնուրդներ, մրգային խյուս, կարագ, կաթնաշոռ, մսաջրով պատրաստված ապուրներ, շիլաներ: Հիվանդ երեխային չի կարելի նոր, ՙանծանոթ՚ սննդով կերակրել:

 

Լուծը դադարելուց հետո երեխայի կազդուրման համար անհրաժեշտ է լրացուցիչ կերակրում, որը կօգնի վերականգնել կորցրած էներգիան և քաշը:

 

–   Ինչպե՞ս կարելի է խուսափել լուծից:

 

–   Լուծից խուսափելու համար առաջին հերթին պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Երեխային խնամելուց, կերակրելուց առաջ ձեռքերը լվացեք օճառով: Սովորություն դարձրեք խմելու, կերակուր պատրաստելու համար մաքուր տարայում մշտապես ունենալ եռացրած և սառեցված ջուր: Երեխայի տակաշորերը լվացեք առանձին և ախտահարեք: Ճիշտ սնուցումը, կոփումը և հիգիենան պաշտպանում են նրան վարակներից:

 

–   Երբեմն հիվանդությունը ուղեկցվում է տենդով: Ի՞նչ պետք է անել այդ դեպքում:

 

–   Տենդն ամենահաճախ հանդիպող ախտանշանն է, որի պատճառով ծնողները չափազանց շատ են անհանգստանում և դիմում բժշկի օգնությանը: Հաճախ մինչև դիմելը նրանք աշխատում են ջերմությունն իջեցնել տարբեր միջոցներով: Շատերն օգտագործում են հակաբիոտիկներ, որն անթույլատրելի է:

 

Ջերմության բարձրացումը բազմաթիվ հիվանդությունների ախտանշան է: Դա մարմնի պատասխան ռեակցիան է և նպաստում է հարուցիչների ոչնչացմանը: Հետազոտություններով պարզվել է, որ օրգանիզմի պաշտպանական գործոնները` հակամարմինները, առավելագույնս են արտադրվում, երբ մարմնի ջերմաստիճանը հասնում է 38,5-390C: Սակայն եթե երեխան նախկինում ջերմության բարձրացման ժամանակ ունեցել է ցնցումներ, անհրաժեշտ է ջերմությունը իջեցնել:

 

Անհապաղ դիմեք բժշկի, եթե հիվանդության ընթացքում երեխայի վիճակը գնալով վատանում է, նա չի կարողանում խմել կամ կուրծքը ծծել, ջերմությունը բարձրանում է, առկա են անզուսպ փսխումներ, կղանքում ի հայտ է գալիս արյուն:

Հեղինակ. Ռուզան Դոխիկյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ